Բարի հովվի կենդանի օրինակ
03.12.2019 | 00:08
Շատերս ենք կարդացել ավետարանական բարի հովվի օրինակի մասին, ով իր կյանքն է դնում իր ոչխարների համար: Իհարկե, առաջին հերթին մտածում ենք, որ դա անձամբ Հիսուսին է վերաբերում, և դա իսկապես այդպես է, որպես Հովվապետ, բայց երկրային իմաստով կան նաև մարդիկ, որոնք իրենց նվիրաբերել են Տիրոջ զավակներին անկորուստ հովվելու և ուղղորդելու դեպի փրկության նավահանգիստ:
Հիմա պիտի կարդաք մեկի մասին, ով Ավետարանը փորձեց ապրել ըստ գրված Խոսքի։
Իննսունական թվականների մութ ու ցուրտ այն դժնդակ տարիներին էր: Մարդիկ ոչ թե ապրում էին սահմանային կռիվների, երկրաշարժի ավերակների, ցրտի ու սովի միջանկյալներում, այլ հարատևում էին Աստծո ողորմությամբ ու զորությամբ, այլապես անհնար կլիներ այդ պայմաններում ապրել ու հաղթանակել ի վերջո։
Ահա հենց այդ տարիներին մեր մեջ հայտնվեց քահանայական փարաջայով, արևմտահայերեն խոսակցականով մի բարեհամբույր դեմքով մարդ, ով կուշտ ու տաքուկ Ամերիկայից կամովին եկել հասել էր Հայաստան, միայն մի նպատակով՝ Տիրոջ խոսքի կենդանությանը հաղորդ անելու դեռևս կոմունիստական անաստվածության ամուլ սրտերում Քրիստոս Տիրոջ հանդեպ հավատքի լույսը վառելու համար...
Այդ տարիներին շատերն էին եկել ու մի քիչ մրսել, մի քիչ խավարում քայլել ու գնացել, բայց այս մի հովիվ-քահանան չգնաց, այլ մնաց, որ մեզ հետ հավասարապես կրի մեր ազգին բաժին ընկած առաքելությունը: Այո՛ առաքելությունը. այդ մութն ու ցուրտը, երկրաշարժի կորուստն ու ավերը, սովն ու անլույս օրերը, արցախյան պատերազմի մեր քաջ արծիվների մահն ու հաղթանակը այդ տարիներին մեր ազգի իսկական առաքելությունն էին, կրելու Հիսուսի չարչարանքների երկրային տառապանքները, քանզի սատանախորհուրդ այն պետության փլուզման առաջին սեպը հենց մեր ազգի միջոցով կատարվեց, իսկ մնացածն արդեն հեշտ էր։
Այդ պատճառով սատանայի ողջ կատաղությունը ուղղվեց հենց մեր փոքրիկ կարծեցյալ ազգի դեմ, ում վրա նա արդեն 2000 տարի է ոխակալության թունատամ ուներ, ոչնչացնելու ու պատմական քարտեզի հուշ դարձնելու Հայոց ազգը, ինչպես շատ զորավոր ազգերի արեց, բայց այս անգամ էլ նա ատամ կոտրեց ու պարտվեց, քանի որ մեր Հովիվն ու Տերը անձամբ Աստծո Որդին էր, ՈՒմ մենք հավատացել էինք առաջինը:
Ահա այդ հովիվ-քահանան սկսեց մեզ հետ հիվանդանոցներ ու թշվառության մեջ տառապող մարդկանց ընտանիքներ այցելել և օգնել թե՛ խոսքով, թե՛ գործով, կատարելով Տիրոջ Խոսքը. «Հիվանդ էի՝ այցելեցիք, կարիքավոր էի՝ օգնեցիք»:
Այդ այցելության ժամանակ քահանան իր հետ բերել էր Ավետարաններ, ու «Գայլերը մեր մեջ» իր հեղինակած գրքույկները, քանզի բարի հովիվը լավ գիտեր, որ անաստվածության ռեժիմից ազատագրված ժողովրդի մեջ շուտով սատանան կսկսի իր մոլորեցնող ծառաներին ուղարկել որպես գառան մորթով գայլեր, հոգևորապես դեռ իրենց աջն ու ձախը չտարբերող մեր ժողովրդի մեջ իրենց որոմները ցանելու համար:
Մենք կարծում էինք, թե այս քահանան մյուսների նման շուտով կգնա տաքուկ ու լուսավոր իր տունը՝ Ամերիկա, բայց այս մեկը մնաց, մեզ հետ հավասարապես մրսեց, տառապեց, հիվանդացավ ու այստեղ էլ մահացավ 1997 թվին, այն էլ հենց ապրիլի 24-ին, որպես կենդանի օրինակ բարի հովվի:
Չնայած իր հարազատները որոշեցին նրա մարմինը տեղափոխել Ամերիկա, որ միգուցե գերեզմանը մոտ լինի, որ այցելության հաճախակի գնան, բայց մեր սիրելի ու բարի հովվի սիրտը մնաց Հայաստանում:
Հիմա ընթերցողը արդեն կուզենա իմանալ, թե ով է այդ քահանա-հովիվը. ասեմ, այդ մեծատառով մարդը Գրիգոր քահանա Հայրապետյանն էր Ֆրեզնոյից, ով մեր տխրամած տարիներին շատերի համար Երկնային Բարի Հովվի` Հիսուս Քրիստոսի կենդանի արտացոլումն է երկրի վրա:
Անցավ մի քանի ամիս: 1997 թ. դեկտեմբերի 15-ի գիշերը Ջորջ Քրբրիչյան անունով մի բարեպաշտ քրիստոնյա երազ է տեսնում, հայտնվում է ճերմակ հանդերձներ հագած տեր Գրիգոր քահանան ու ասում. «Իմ գրություններես մինն ունիս, զայն տուր որդոյս՝ տեր Եղիային, որպեսզի զայն հրատարակէ: Ես ինքզինքս քեզի հայտնվեցի, որպեսզի հաստատեմ պատգամը, և որ մարդիկ գիտնան, որ կենդանի եմ: Ամեն մարդ կխորհի թէ մեռած եմ, բայց կսխալին. ես ողջ եմ Քրիստոսով և գերազանց հարուստ: Աշխարհի վրա աղքատ էի, բայց գանձերս երկինքը դիզեցի. ու հիմա շատ հարուստ եմ և կվայելեմ ունեցածներս»:
Արթնանալուց հետո Ջորջը փնտրում ու գտնում է հիշյալ գրությունը՝ «Յավիտենական գանձեր» վերնագրով ու փոխանցում նրա որդուն:
Ես էլ պարզապես այդ գանձերից մի քանի տող եմ մեջբերում՝ ուղղված յուրաքանչյուրիս.
«Արթուն ըլլալ. սա Տիրոջ պատգամն է: Հայաստանյաց եկեղեցւոյ Յիսուսանվեր հայրերը Արթուն կոչված են (որպես բացատրություն ավելացնեմ, որ Գրիգոր անունը թարգմանվում է Արթուն, իսկ մենք Գրիգոր Լուսավորչի հոգևոր զավակներն ենք), այն միակ պատճառաւ, որ երկրաւոր այս այս կեանքին մէջ, Երկնքի Թագաւորութեան տեսիլքը միշտ վառ են պահած: Իրենց հաւատքին կանթեղը Ավետարանի Բարի լուրովը լուսաւորած են, երկրի վրայ իբրև երկնքի քաղաքացիներ ապրած են: Թե ինչպէ՞ս կրցած են...Արթո՛ւն մնացած են....
Տէրը պիտի գայ: Ե՞րբ պիտի գայ, չենք գիտէր: Սակայն գիտենք թէ պիտի գայ: Ահա թէ ինչու Տեր Յիսուս ըսաւ. «Երանի այն ծառային, որուն Տերը գալով զինք ԱՐԹՈՒՆ կը գտնէ»:
Ավելացնեմ, որ տարիներ անց նույն հովվական սխրանքը կատարեց նաև Ամերիկայից Հայաստանում վերաբնակված տեր Տաճատ քահանան, ով անցյալ տարի ննջեց Հայաստանում՝ շատերի սրտերում վառելով Քրիստոս Հիսուսի հավատքի կենդանի լույսի կանթեղը:
Մենք էլ աղոթենք ու խնդրենք, որ Տիրոջ ընտրյալ հովիվների սերմանած բարի հունդերը հայոց սրտերում երկնաբույր պտուղներ տան ի փառս Աստծո: Ամեն:
Իսկ այս գրությունը թող դիտվի որպես հարգանաց տուրք երանելի այդ հոգիների հիշատակի։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Հոգևոր ավարայր է սկսվել
- Այդ օրը Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները խոսել են հայերեն
- Հավատքով քայլենք այս աշխարհում տրված մի թիզ ժամանակը
- «Աստծո բոլոր ստեղծածները լավ են, և խոտան բան չկա»
- «Սովորեցրու ինձ ընթանալ ճշմարտության, արդարության ու սիրո ճամփաներով»
- «Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում են կնոջ հետ, որովհետև դա պղծություն է»
- Ամուլ կանանց ընտիր սերունդները
- «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար»
- Լույսը խավարի հետ նույն տեղում չի լինում
- Իմաստուն ծերը
- Երբ Տերը նորից վերադառնա, երկնքում նախ Հիսուսի նշանը պիտի երևա
- Ինչու Իսրայելը չընդունեց Հայոց եղեռնի բանաձևը
- Տերը օրհնի և հաստատ պահի մեր Հայաստան աշխարհը
- «Մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը»
- Երբ եղբայրները կռվում են, օգտվում են թշնամիները
- Մասնաբաժին ունե՞ս քո նախնիների հոգևոր հարստությունից
- «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց»
- «Ինչ չափով չափեք, նույն չափով էլ ձեզ կչափվի»
- Ազգային բարեկենդան
- Անառակ որդուն չնմանվենք
Մեկնաբանություններ